Մուկն ու ձուն

Ստեփան Զորյան

Մի անգամ մտա մեր մառանը, որ բահ վերցնեմ: Ոտս շեմից ներս դրի, թե չէ, նկատեցի մի խումբ մկների, որոնք շրջապատել էին հավի բույնը: Տեսա, որ մկներից մեկը մտել է հավի բույնը, իսկ մյուսները մեկնված, ձգված նայում են նրան ու սպասում: Մեկ էլ հավի բույնը բարձրացած մուկը, իր փոքրիկ թաթերով ձուն գրկած, գլորվեց մեջքի վրա, ընկավ մյուսների առաջ: Այստեղ միայն պարզ տեսա, որ նա ձուն դրել է փորին,  երկու կողից բռնել թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես մի բան պարանով կապում են, որ չընկնի: Մկները շրջապատեցին նրան և ուրախ-ուրախ, նրա ոտներից, ականջներից քաշելով, տարան դեպի պատը, ուր իրենց բույնն էր: Ձուն բնի բերանը հասցնելով՝ նրանք ետ քաշվեցին: Ձուն բռնող մուկը զգուշությամբ թեքվեց կողքի, ձուն դրեց գետնին և թաթիկները բաց թողեց: Այդ ժամանակ արդեն մյուսները սկսեցին ձուն գլորել դեպի բույնը: Ձուն ընկավ պատի անցքի մեջ: Ձվի հետ անհետացան նաև մկները:

Continue reading